19/12/2022 14:55
Էներգետիկ անկախություն՝ «Արևածագ Արցախում» հնարավոր է. յուրաքանչյուրի մասնակցությունը նախագծին կարևոր է
Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու պայմաններում հատկապես շատերը փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են օգտակար լինել այս իրավիճակում։
Ինչ անել Արցախի համար հարցին որպես պատասխան Shtigen Group-ը դեռ տարվա սկզբից սկսեց իրականացնել «Արևածագ Արցախում» նախագիծը։ Ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ասում է՝ երբ տարվա սկզբին ադրբեջացնիները փակեցին գազամուղը, հասկանալի էր, որ թշնամին նոր գործիք է փորձարկում՝ ազդեցությունը մեծացնելու, արցախցիներին սեփական կամքը թելադրելու, կախվածություն առաջացնելու համար։ Թշնամուն այդ գործիքից զրկելու, Արցախում էներգետիկ անկախությունը հնարավոր դարձնելու համար գործարկվեց «Արևածագ Արցախում» նախագիծը։
«Եթե Արցախում յուրաքանչյուր տուն ու կառույց ապահովվի արևային վահանակով և ջրային տաքացուցիչով, Արցախում ապրող մեր հայրենակիցները կապահովագրվեն կենցաղային խնդիրներից, իսկ թշնամին կզրկվի տնտեսական, հումանիտար ահաբեկչության հնարավորությունից»։
Ծրագրի շրջանակներում 100-ից ավելի արևային ջրային տաքացուցիչներ են տեղադրվել Արցախում, նախատեսվում է մինչև տարեվերջ տաքացուցիչների քանակը հասցնել 140-ի, հատկանշական է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակ լինելու պատճառով ջրատաքացուցիչների խմբաքանակ պահեստավորվել է Սյունիքի մարզում. ճանապարհի բացվելուն պես այն կհասցվի Արցախ։
«Արևածագ Արցախում» նախագծի առաջին շահառուները բոլոր պատերազմների հետևանքով զոհ ունեցող, բազմազավակ ընտանիքներն են։
Հայկ Շեկյանը վստահ է, որ բավարար կոնսոլիդացիայի շնորհիվ երկու տարում ծրագիրը կարող է ընդգրկել ողջ Արցախը։ Հարցին՝ ինչպես է պատկերացնում կոնսոլիդացիա այն դեպում, երբ շատերն ահազանգում են՝ հանրությունն անտարբեր է, Հայկ Շեկյանը պատասխանում է՝ որևէ բաժանարար գիծ չդնելով և նաև արմատներով արցախցի լինելով իրավունք է վերապահում ասելու, որ Արցախի համար նախ պիտի ոտքի կանգնեն արցախցիները, խոսքը միայն 120000-ի մասին չէ, ՀՀ-ում, աշխարհի տարբեր անկյուններում հաստատված արցախցիները պիտի վերադառնան արմատներին՝ փրկելու սեփական ինքնությունը, հայրենիքը։
«Մենք ոչ թե պիտի բավարարվենք այս կամ այն նախագծին սիմվոլիկ դրամային մասնակցություն ունենալով, այլ հաճախ պիտի նախաձեռնող լինենք, շատ կարևոր է համակարգային մոտեցումը, ի վերջո, հայրենիքի հանդեպ վերաբերմունքը պետք է ինստիտուցիոնալիզացնել»։
Հայկ Շեկյանը հիշեցնում է՝ 90-ականներին տոտալ շրջափակման, ծայրահեղ վատ տնտեսության պայմաններում հնարավոր եղավ իրավիճակը հաղթահարել, հաղթանակել, որովհետև կար ընդգծված առաջնորդություն, կար միասնություն։ Shtigen Group-ի տնօրենն ընդգծում է՝ հիմա չկա ոչ առաջնորդություն, ոչ միասնություն. կա նաև գաղափարի ձևակերպման կարիք։
«Եթե կա գիտակցությունը, որ Արցախի հարցը միայն արցախցիներինը չէ, այլ Հայաստանի պետականության, հայի ինքնության պահպանման հարցն է, ուրեմն կլինի և հաստատակամությունը միասնաբար Արցախը փրկելու»։
Հայկ Շեկյանը «Արևածագ Արցախում» նախագծի օրինակով վստահեցնում է՝ սփյուռքում գործող կառույցները, հայրենակիցները անկախ հիասթափությունից, պատրաստ են շարունակել ծառայել հայրենիքին։
«2022 թ․սեպտեմբերից «Արևածագ Արցախում» նախագծին միացել են նաև սփյուռքահայ բարերարներ, որոնց նվիրատվությունների շնորհիվ Արցախում ևս 30 տուն տաք ջրով է ապահովվել։ Հայ օգնության միության հետ համագործակցության արդյունքում Արցախում ևս 100 տուն անցում կատարեց արևային էներգետիկայի․ տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ»։
«Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում արևային ջրատաքացուցիչներով և արևային կայանով համալրվեն են նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը»։
Հատկապես պատերազմից հետո հաճախ տրվող հարցին, թե չեք վախենում այս պայմաններում Արցախում ներդրումներ անել, ֆինանսական լուրջ ծախսեր իրականացնել, Հայկ Շեկյանի պատասխանը հստակ է՝ ավելի շատ վախենում եմ Արցախը կորցնելուց, քան փող։
«Ներդրումներ անել, մարդկանց աշխատանքով ապահովել, թիկունքը ամուր պահել. Արցախը չկորցնելու կարևորագույն բանաձևերից է։ Մեզ համար նորմալ է հատկապես ճգնաժամային իրավիճակում ակտիվ լինելը, կարիքներ հոգալը, համակարգված աշխատելը՝ հետագա ռիսկերը կանխելու համար»։
Հայկ Շեկյանը լիահույս է, որ կհաջողվի ճգնաժամը հնարավորության վերածել, ինչպես նաև վստահ է, որ հայ ազգի համառ ու նվիրական ջանքերով, միասնությամբ Արցախում նորից արևածագ կլինի։
«Արևածագ Արցախում» նախագծին նվիրատվություն կարելի է կատարել՝
• «Սահման» ՀԿ-ի հանգանակությունների հարթակի միջոցով՝ «Նվիրատվության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն» դաշտում նշելով «Արևածագ Արցախում»
• Telcell տերմինալներով և առցանց դրամապանակով
• Patreon-ի միջոցով՝