19/12/2022 15:37
Կմշակվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր
Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի մշակման ուղղությամբ, հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Այդ նպատակով կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած և նախագծային կազմակերպություն ներկայացնող, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանի, Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի և շահագրգիռ այլ անձանց հետ:
Քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնք թույլ կտան ապահովել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության պահպանումը, վերակառուցումն ու հետագա օգտագործումը՝ հիմնվելով մասնագիտական մոտեցումների վրա և բացառելով պատահական միջամտությունները: Կարևորվել է շահառուների հետ պարտավորագրերի կազմումը, որոնցով օգտագործողներին իրավունքներից բացի կվերապահվեն շենքերի պահպանության պարտավորություններ: Դիտարկվել է նաև հիմնադրամի, խորհրդի կամ որևէ այլ կարգավիճակով կառույց ձևավորելու անհրաժեշտությունը, որի միջոցով բնակիչները մասնակից կլինեն որոշումների կայացմանը:
Քննարկումների արդյունքում ձևավորվելու է կառավարության որոշման նախագիծ՝ համայնքի, բնակիչների, ներդրողների՝ բոլոր շահառուների շահերի հավասարակշռման սկզբունքով:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջանակում մշակվում են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման նախագիծը և Գյումրիի գլխավոր հատակագիծը: