19/12/2022 14:48
Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել
Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծել է, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել:
«Այդ իսկ պատճառով մենք երեխայի բուժումը սկսեցինք մեզ մոտ՝ խորհրդակցելով Երևանի մեր գործընկերների հետ: Ներկա պահին, եթե ճանապարհը այսօր բացվի էլ, այս ավելի ծանր ու բարդացած վիճակում հարց է՝ արդյոք երեխան կկարողանա՞ այդքան երկար ճանապարհ հաղթահարել»,- ասել է Կարեն Մելքումյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող քաղաքացի։
Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները:
Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
ԱՀ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ից, մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։