20/12/2022 18:50
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ Ի՞նչ խնդիր է և արժե՞ արդյոք անհանգստանալ
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ձվարանի ֆունկցիոնալ կիստայի ախտորոշումը չպետք է դառնա տագնապի, կամ մտածմունքների պատճառ։
Ձվարանի ֆունկցիոնալ կիստաները (ֆոլիկուլյար, դեղին մարմնի և այլն) բարակ պատերով հեղուկային գոյացություններ են: Դրանք կարող են առաջանալ ձվարանում ֆոլիկուլի հասունացման և օվուլյացիայի ժամանակ, երբ ֆոլիկուլը չպայթելով՝ վերածվում է կիստայի:
Ֆունկցիոնալ կիստայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սթրեսը, հորմոնալ դիսբալանսը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, քաշի տատանումները, դիետաները և այլն։ Դրանք կարող են ընթանալ միանգամայն առանց նշանների և ի հայտ գալ պատահաբար՝ ՈւՁՀ հետազոտության ժամանակ: Երբեմն հնարավոր է նաև ցավ, դիսկոմֆորտ հարաբերության ժամանակ և նման այլ գանգատներ:
Մասնագետները այն կարծիքին են, որ ՈւՀՁ հետազոտությամբ ձվարանի կիստա կամ գոյացություն ախտորոշումից պետք չէ տագնապել, քանի որ նմանատիպ կիստաները մեծամասամբ բուժում չեն պահանջում։ Սովորաբար մինչև 3 ամսվա ընթացքում նրանք ինքնուրույն անհետանում են։
Ցուցված է դաշտանային ցիկլից հետո 3-6 ամսվա դինամիկ ՈւՁՀ հսկողություն:
Հնարավոր է նաև, որ ֆունկցիոնալ կիստան ինքնուրույն չանցնի, այլ անհրաժեշտ լինի բժշկական միջամտություն։ Եթե մինչև 6 ամսվա ընթացքում կիստան պահպանվում է, հնարավոր է խոսքը գնում է ձվարանի այլ ծագման կիստայի մասին: Այս պարագայում արդեն մոտեցումները ևս այլ կլինեն:
Երբեմն 5սմ և ավելի մեծ չափերի ֆունկցիոնալ կիստաները կարող են ուղեկցվել բարդություններով՝ ձվարանի ոլորում, կիստայի պատռում և այլն, որոնք պահանջում են բուժում, իսկ երբեմն նաև վիրահատական միջամտություն:
Ձվարանի կիստայի զարգացման ռիսկը կարող է բարձրանալ հետևյալ գործոններով.
Հորմոնային խնդիրներ
Հղիություն. երբեմն ձվազատումից հետո առաջացած կիստաները պահպանվում են ողջ հղիության ընթացքում:
Էնդոմետրիոզ. այս հիվանդության պատճառով ձվարան հասած արգանդի լորձաթաղանթի բջիջները աճում և ձևավորում կիստա:
Սուր փոքրկոնքային վարակ. ձվարաններ տարածված վարակը կարող է դառնալ կիստայի պատճառ:
Նախկինում ձվարանի կիստա. եթե նախկինում ունեցել եք ձվարանի կիստա, հավանական է, որ ապագայում ևս կունենաք այլ կիստաներ:
Ֆունկցիոնալ կիստաները կարող են նաև կրկնվել։ Կրկնվող ֆունկցիոնալ կիստաների դեպքում կնոջը ցուցվում է հորմոնալ ֆոնի հետազոտություն և պատճառների վերացում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։