20/12/2022 10:39
«Փաստ». Մեկ շաբաթից ավելի Արցախը շրջափակման մեջ է. Ընդդիմադիր հատվածն է ակտիվ գործողություններ անում
«Փաստ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, Հայաստանում ևս հասարակական միավորներն ու քաղաքական ուժերը թեմայի հետ կապված տարբեր գործողություններ են իրականացնում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հատվածը, այդ թվում՝ թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժեր, շարժումներ և գործիչներ այս օրերին նամակներ են ուղարկում միջազգային կառույցներին, ինչպես նաև բավական ակտիվ ուղիղ քննարկումների մեջ են իրենց միջազգային գործընկերների հետ։ Մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նաև այս ամենի արդյունքում առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն, այդ թվում՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող։ Ավելին, մեզ փոխանցեցին, որ չի բացառվում՝ մոտ օրերս եվրոպական կառույցներում իրավիճակն ավելի մանրամասն ու բովանդակալից ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կազմակերպվի նաև Բրյուսել։
Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ միջազգային կառույցների հետ առանձին աշխատանքներ են տանում, այդ թվում՝ տեսանյութեր են ներկայացվում, որոնք ներկայացնում են, թե ինչ է կատարվում Արցախում այս օրերին»։