20/12/2022 15:25
Իշխանությունը ցեղասպան թուրքին մեր տուն բերեց, հիմա էլ նրանց ձեռքով կյանքի ճանապարհն է փակում. Զրույց Ալիսա Գևորգյանի հետ
Aysor.am-ը ներկայացնում է լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մոր՝ Ալիսա Գևորգյանի հետ զրույցը։
Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակելը պիտի որ մեզ համար անսպասելի չլիներ. թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծանոթ գործողություններ են, առաջին արարին մասնակցում են էկոակտիվիստներ, որոնց ձեռքում սատկեց խաղաղության աղավնին՝ որպես այդպես էլ չսկսված խաղաղության դարաշրջանի ավարտի խորհրդանիշ։
Եթե քաղաքական էլիտան ռեսուրսն օգտագործում է հայրենիքն արժեզրկելու համար, եթե երկրի առաջին դեմքի տիկնոջ համար ցեղասպանությունից հետո ողնաշարն ուղղելու, մորթվածի բարդույթներից ազատվելու պայքարը որակվում է պայքար հանուն ոչնչի, և դա էլ հետևողականորեն՝ Օվերտոնի պատուհանի սկզբունքով քարոզվում է, պարզ է, որ հանրությունն էլ պիտի անտարբեր դառնա։
Բարոյականության բոլոր սահմանները հատեցին, հիասթափվում եմ, պատ կառուցում իմ ու ժողովրդի միջև, որ չտեսնեմ մարդկանց անտարբերությունը, որ չտեսնեմ այն որ, երբ ազգի կեսը դժոխքում է ապրում, իշխանությունը խրախճանք է կազմակերպում մարդկանց ցավի վրա՝ ու աղաղակում՝ բա չապրե՞նք։ Խոսքը չապրելու մասին չէ, հարգելու մասին է։
2020 թվականին թուրքն իմ տուն է մտել, սեպտեմբերին էլ երկու հարյուրից ավելի մարդու տուն մտավ։ Նրանք, որ ասում էին Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք, հիմա հանգի՞ստ են, կարո՞ղ են Ամանոր նշել Ջերմուկում։
Հիմա Արցախն ինձ համար նաև որդուս արյունն է. Դավիթի մարմինն Արցախի հողին է խառնվել, այդ հողն ինձ համար անգին է
Արցախն ինձ համար միշտ է արժեք եղել, արժանապատվության, սեփական ուժերին հավատալու, հայի հավաքական ինքնության խորհրդանիշն է. հիմա Արցախն ինձ համար նաև իմ որդու արյունն է, զավակիցս ինձ հասել է տասնչորս մասունք, Դավիթի մարմինն Արցախի հողին է խառնվել, այդ հողն ինձ համար անգին է, բայց այդ գիտակցությանը նոր չէ որ եկել եմ, դրանով դաստիարակվել եմ, դրանով ապրել։ Երևի նաև դա է պատճառը, որ չնայած թերություններին՝ գնահատել եմ մարդկանց, որ մեզ դեպի հաղթանակ առաջնորդեցին, ինձ ու իմ տունը կիլոմետրերով հեռու պահեցին թուրքից։ Օրվա իշխանությունը անարգեց հաղթանակ կերտողներին, ցեղասպան թուրքին իմ տուն բերեց։
Ցեղասպանությունից 100 տարի անց կարողացանք երկու պետություն ստեղծել և ընդամենը երեք տասնամյակ անց սեփական ձեռքերով կործանեցինք այդ պետությունները և պետականությունը՝ անկախության սերնդին բետոնի տակ մտցնելով՝ փշուրների և մասունքների վերածելով։
Որոշ ծնողների՝ վարչապետին չմեղադրելը հոգեբանական բացատրություն ունի
Զոհված տղաների ծնողներն էլ հանրության մաս են, ակնկալել, որ բոլորը պիտի ապրեն Արցախի ցավով, ինքնախաբեություն է, շատերի համար Արցախը երբեք արժեք չի եղել, հիմա էլ ընկալում են իրենց զավակների կորստի պատճառ։ Որոշ ծնողների՝ Փաշինյանին ընդունելը հոգեբանական բացատրություն ունի։ Բազմաթիվ ծնողներ, եթե ընդունեն, որ Փաշինյանը մեղավոր է իրենց զավակների կորստի համար, ակամա կընդունեն նաև իրենց մեղքը, որովհետև իրենք են ժամանակին նրան իշխանության բերել։ Արդարության համար պետք է ասել, որ կան ծնողներ, որ ժամանակին ներկա վարչապետին են ընտրել, բայց ազնվորեն ընդունում են, որ սխալվել են, հիմա էլ պայքարում են։
Մեր կողքին կան խելագար ցավի մեջ ապրող, մեկուսացած ծնողներ, որ այնուամենայնիվ, իրենց ցավի մեջ փորձում են իրենց չափով պայքարել։ Հիշեցնեմ՝ տասնյակ ծնողների հետ միասին իրավական հիմնավորումներով բողոք ենք ներկայացրել դատախազություն, սպասում ենք։
«Կյանքին ասել այո». ձևակերպումը կարող է վերաբերել բոլորին, բայց ոչ այն մորը, որ միակ զավակին է կորցրել
Պատերազմից հետո «Հանրային ռադիո»-ում հեղինակեցի «Կյանքին ասել այո» հաղորդումը, որ չէի ուզի երբևէ ինձ հետ ասոցացվեր. ձևակերպումը կարող է վերաբերել բոլորին, բայց ոչ այն մորը, որ միակ զավակին է կորցրել։
Հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում է այն աշխարհը, որտեղ որդիս է, քան այս մեկը, որում ես եմ առանց որդուս, բայց այսպիսի իրավիճակներում չեմ կարող անտարբեր մնալ։ Պատերազմի դաշտում չգրված օրենք կա՝ հարազատի անշնչացած մարմինը թողնել, վիրավորին փրկել. հիմա ես ասում եմ՝ ես՝ որպես զավակ կորցրած մայր, այդ անշնչացած մարմինն եմ, մեզ հանել պետք չէ, փրկել պետք չէ, ոչինչ պետք չէ, փրկել է պետք վիրավոր Արցախը։
Հաղորդումն ինձ չի վերաբերում, բայց գիտեմ, որ ճիշտ ձևակերպում է՝ մյուսները պետք է ապրեն, պատերազմի դժոխքով անցած տղաները պետք է ապրեն։ Հարյուրավոր տղաներ պատվախնդիր կռիվ տվեցին, վերադարձան, բայց իրենց էլ չարժևորեցին. իրենք պարտության տարած ղեկավարների զոհն են։
Ես որդուս մասին շատ չեմ խոսում, նրանք, որ ուզում են ճանաչել Դավիթին, անպայման կճանաչեն Դավիթին, Դավիթներին
Ամիսներ առաջ ծնողները զավակների նկարները ձեռքներին քայլում էին դեպի դատախազություն, ես էլ Դավիթի նկարը պարզած քայլում էի, բայց երբ տեսա մարդկանց անհաղորդ, առավելագույնը խղճահարություն հարուցող հայացքները, որդուս նկարը հակառակ երեսով սեղմեցի կրծքիս՝ կարծեք պաշտպանելու իրեն այդ մարդկանցից։
Չեմ կարծում, որ 1988-ի և 2022-ի ժողովուրդը այդքան կարող է տարբերվել, առաջնորդության խնդիր կա
Պիտի առաջնորդություն ստանձնեն մարդիկ, որոնց համար իսկապես թանկ է Արցախը, ակնկալել, որ մեծամասնությունը պետք է գիտակցման գա, արդարացված չէ։ Կարևորում եմ, որ մեծ լսարան, ազդեցիկ խոսք ունեցող մտավորականները անտարբեր չմնան, հակառակ դեպքում գուցե մտավորական չե՞ն։ Ինձ համար մտավորական էր Վիկտոր Համբարձումյանը, որ 88-ի պայքարի գաղափարական առաջամարտիկներից էր։ Չեմ կարծում, որ 1988-ի և 2022-ի ժողովուրդը այդքան կարող է տարբերվել, առաջնորդության խնդիր կա։