20/12/2022 12:38
Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար մեր ամբողջ թիմը գործադրում է առավելագույն ջանք, որ կարողանանք երաշխիքներ ստեղծել. Արմեն Գրիգորյան (Տեսանյութ)
Ազգի միասնության ապահովման ամենկարևոր ու ամենաֆունդամենտալ գործոնն ազատ ու արդար ընտրություններն են, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ընտրությունները կեղծելը, իշխանությունը գողանալը ազգին պառակտելու ամենամեծ գործոնն է ու, կարծում եմ, սրանով հնարավորինս կարելի է գնահատել, թե որ քաղաքական ուժն է հայ ժողովրդի համար ապահովել միասնություն։ Վերջին երկու ընտրությունները դրա վառ ապացույցն են», - ասաց նա։
Դիմելով ընդդիմությանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարը կոչ արեց Հայաստանի կողմից Արցախին ֆինանսապես օգնելը չէժանացնել։
«Մի փորձեք դա մանիպուլյացիայի ենթարկել։ Կարծում եմ՝ ֆինանսականն ամենամեծ ջանքերից մեկն է, որ հայ ժողովուրդը դնում է Արցախի անվտանգության համար։ Բացի դրանից, մեր իշխանությունն ամենօրյա ջանք է գործադրում, որ Արցախի համար ապահովի իրավունքների ու անվտանգության մեխանիզմ», - նշեց նա։
ԱԽ քարտուղարը վերջին երկու ամսում 14 այց է ունեցել, օրակարգի ամենամեծ տեղը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղը։
«Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար մեր ամբողջ թիմը գործադրում է առավելագույն ջանք, որ կարողանանք երաշխիքներ ստեղծել», - ասաց Գրիգորյանը։