20/12/2022 11:00
Թագուհի Թովմասյանը դիմել է Ռուսաստանին, որ ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ
Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է, այս մասին հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120 հազար արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետևանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ և տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է…
Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս`
միջազգային հանրության կողմից անպատժելիության հետևանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետևանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտը Արցախ պարզապես արգելափակված են։
Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են, հասնելու ագրեսորից Արցախի 120 հազար բնակչության փրկությանը։
Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ․Ն․ Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ․Ա․ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:
Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120 հազար վտանգված կյանքի հանդեպ... Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է...», - նշել է Թովմասյանը։