20/12/2022 13:32
Հոգեբանական ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Լաչինի միջանցքի տևական փակումը հասարակության վրա. Խորհուրդներ հոգեբան Աիդա Թառոյանից
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Լաչինի միջանցը գտնվում է շրջափակման մեջ՝ հանգեցնելով առողջապահական, տնտեսական և հոգեբանական բազմաթիվ խնդիրների։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ-ի հոգեբան Աիդա Թառոյանի հետ՝ հասկանալու, թե հոգեբանական ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ շրջափակման մեջ գտնվելու գիտակցումը մարդկանց վրա և որո՞նք են այն կարևոր և կիրառելի գործոնները՝ նման իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ուղղությամբ։
«Շրջափակումը մարդկանց մոտ կարող է առաջ բերել տարբեր հույզեր, որպիսիք են՝ վախը, տագնապը, խուճապային վիճակները, անօգնականության զգացումը, հուսահատվածությունը։ Նման հուզական վիճակների առաջացումը բնական է, քանի որ այս իրավիճակը կարող է ընկալվել որպես կյանքին և գոյատևմանն ուղղված անմիջական սպառնալիք։ Հայաստանի հետ կապող այս միակ ճանապարհը կարծես «պորտալար» լինի, ու հենց այս «պորտալար»-ն է, որ կտրված է ներկայումս։ Եվ բնական է, որ մարդիկ գտնվում են անորոշության, բայց և այդ կապի վերականգնման անընդհատ սպասման մեջ», - ասաց հոգեբանը։
Աիդա Թառոյանի խոսքով, այդ կապի խափանումը հանգեցրել է մի շարք տարբեր մասնավոր խնդիրների. «Ընտանիքներ կան, որոնք պառակտված են, հիվանդներ կան, ովքեր հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, սննդի, դեղորայքի պաշարներն են սպառվում։ Այսինքն, արդյունքում տուժել են մարդկանց բազային պահանջմունքները»։
Նման իրավիճակը, հոգեբանական տեսանկյունից, կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների վրա, ովքեր առավել քան խոցելի խմբում են, այդ իսկ պատճառով հոգեբանը մի քանի խորհուրդ տվեց ծնողներին, երեխաների հետ անմիջականորեն առնչվող, աշխատող մեծահասակներին և խնամակալներին։
«Որպես կանոն, երեխաները շատ զգայուն են մեծահասակների հակազդումների, հուզական վիճակների նկատմամբ։ Որքան էլ մեծահասակները փորձեն թաքցնել իրենց հուզական վիճակը՝ վախերը, տագնապային հոգեվիճակը, շփոթվածությունը երեխաներից, նրանք, միևնույնն է, զգում են ծնողների հոգեվիճակը, ապրումները, նույնիսկ եթե չեն կարողանում տալ հստակ անվանումներ նրանց համար», - ասաց Թառոյանը։
Այն, թե ծնողներն ինչպես պետք է խոսեն երեխաների հետ արտակարգ իրավիճակների մասին, ըստ հոգեբանի, կախված է տարբեր գործոններից՝ երեխայի տարիքից, հասկացողության, հասունության մակարդակից։ Երեխայի հարցերից, հարցերի ձևակերպումներից կարելի է հասկանալ, թե ինչ ինֆորմացիա է երեխան պատրաստ լսել և ընկալել։ Երեխային ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը պետք է ուղեկցվի նրան պաշտպանվածության և ապահովության զգացում փոխանցելով։ Երեխան պետք է իմանա, որ ինչ իրավիճակում էլ իրենք գտնվեն, ծնողներն իր հետ են, ինքը միայնակ չէ, որ կան մարդիկ, կառույցներ (այս իրավիճակում՝ պետությունը, կազմակերպությունները), ովքեր ամեն ինչ անում են, որ այս իրավիճակը շուտ հաղթահարվի։
Նման կառույցների առաջնային նպատակն է օգնել մարդկանց չմատնվել խուճապի, ինչին կարող է նպաստել շարունակվող անորոշությունը և տեղեկատվական խառնաշփոթը։
«Կարևոր է չտրվել ինֆորմացիոն հոսքին, հետևել պաշտոնական լրահոսին, լինել ընտանիքի անդամների հետ՝ փոխադարձաբար աջակցելով մեկը մյուսին։ Խուճապի չտրվելու կարևորագույն նախապայմաններից է վերահսկողության զգացումի պահպանումը. ի՞նչն է այս իրավիճակում իմ ձեռքերում, ի՞նչ կարող եմ ես անել, և արդյունքում փորձել կենտրոնանալ սեփական անելիքների վրա»,- մանրամասնեց Աիդա Թառոյանը։
Այս իրավիճակի ձգձգման պարագայում հարկ կլինի պարբերաբար գնահատել մարդկանց հոգեվիճակը՝ հնարավորինս հասանելի դարձնելով հոգեբանական այնպիսի միջամտությունները, որպիսիք են՝ անհատական և խմբային հոգեբանական աշխատանքները, փոխաջակցման խմբերը թե´ երեխաների, թե´ մեծահասակների համար։
ՀՀ-ում գործող նման կազմակերպություններից է «Առաջնագծի հոգեբաններ» (Frontline Therapists) ՀԿ-ն, որը հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցություն տրամադրել արցախյան պատերազմից տուժած անձանց՝ զինվորներին, պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և հարազատներին։ Կազմակերպության գործունեության շրջանակներում իրականացվում են անհատական հոգեբանական խորհրդատվություն, խմբային, արտ-թերապևտիկ աշխատանքներ, հոգեկրթական միջոցառումներ։ Կազմակերպության բոլոր ծառայություններն անվճար են։
Հոգեբանական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 43 84 20 84 հետախոսահամարով, կապ հաստատել [email protected] էլ.հասցեի միջոցով, կամ մոտենալ Բուզանդ 39 հասցեում գտնվող կենտրոն։