21/12/2022 15:42
Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովը 27-ամյա ղեկավարումից հետո հրաժարական է ներկայացրել
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Իր որոշման մասին նա հայտնել է Գերագույն մեջլիսի այսօրվա նիստում։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հրաժարականը կապում են Նախիջևանում բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումների հետ, Բաքուն շարունակում է տասնյակ պաշտոնյաների կալանավորումներն ու ստուգումները պետական գերատեսչություններում։
Ըստ փորձագետների՝ ուժային կառույցների թիրախում հիմնականում «Նախիջևանի խան», Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն է, որը մինչև վերջերս համարվում էր անձեռնմխելի՝ լինելով Հեյդար Ալիևի մտերիմը: Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել նրա 27-ամյա կառավարման ժամանակաշրջանին։
Թալիբովը 1995 թվականից մինչ օրս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն է։ Ըստ տեղեկությունների՝ նա իշխանության է հասել Սևիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ, որը Հեյդար Ալիևի եղբոր դուստրն է։
Արդեն հայտնի է, թե ով է փոխարինելու Թալիբովին: Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնակատար է դարձել նրա առաջին տեղակալ Ազեր Զեյնալովը: