21/12/2022 20:42
Քաղցը՝ գլխացավի պատճառ. Ինչպե՞ս կարգավորել սննդակարգը
Հաճախակի կրկնվող գլխացավերը կարող են կապված լինել այնպիսի երևույթների հետ, որոնք մենք պարզապես անտեսում ենք առօրյայում։ Սովը գլխացավի ամենատարածված պատճառներից մեկն է։ Երկար ժամանակ չուտելու դեպքում, արյան շաքարը սկսում է իջնել նորմայից ցածր և առաջացնել ճնշում ու գլխացավ:
Քաղցից առաջացած գլխացավերը ուղեկցվում են մի շարք ախտանիշներով՝ գանգոսկրերում սեղմվածության զգացում, գլխապտույտ, հոգնածություն, որովայնային ցավ, դող ձեռքերում, քրտնարտադրություն, շփոթություն և այլն։ Այս ախտանշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար՝ կախված նրանից, թե որքան ժամանակօրգանիզմը սնունդ չի ընդունել:
Քաղցից գլխացավի ամենատարածված պատճառներից են՝
Ջրազրկումը. Բավականաչափ հեղուկ չընդունելու դեպքում, ուղեղի հյուսվածքի բարակ շերտերը սկսում են փոքրանալ և ճնշում գործադրել ցավի ընկալիչների վրա: Այս կողմնակի ազդեցությունը գլխացավի տարածված պատճառն է:
Կոֆեինից հրաժարվելը. Կոֆեինը խթանիչ է, որին օրգանիզմը վարժվում է, հատկապես, եթե սովորություն կա օրական 3-4 բաժակ խմելու։ Եթե դուք երկար ժամանակ կոֆեին չեք օգտագործել, արյան անոթները մեծանում են՝ դրանով իսկ մեծացնելով արյան հոսքը դեպի ուղեղ և առաջացնելով գլխացավեր։
Բացառել սնունդը. Սնունդը որպես վառելիք է գործում օրգանիզմի համար, որն էներգիայի մշտական աղբյուրի կարիք ունի։ Երկար ժամանակ չուտելու պարագայում, արյան մեջ շաքարի մակարդակը կսկսի նվազել: Ի պատասխան՝ կարտազատվեն հորմոններ, որոնք ազդանշան են տալիս ուղեղին քաղցի մասին։ Այս նույն հորմոնները կարող են բարձրացնել արյան ճնշումը և սկսել կծկել արյունատար անոթները՝ առաջացնելով գլխացավեր։
Միգրենով տառապող մարդիկ պետք է առավել կանոնավոր սնվեն, քանի որ ուշացման դեպքում սուր գլխացավերը գումարվելով քաղցին կարող են մի շարք բարդությունների պատճառ դառնալ։
Այս տեսակի գլխացավից ազատվելու համար բավական է ուտել մի փոքր և ջուր խմել։ Մի բաժակ թեյը կամ սուրճը նույնպես կարող են օգնել: Շաքարախտով հիվանդների պարագայում պատկերը մի փոքր այլ կլինի, քանի որ օրգանիզմից 15-30 րոպե կպահանջվի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու և վերականգնելու համար։ Հիպոգլիկեմիայի նշաններ զգալու դեպքում, պետք է ուտել շաքարով հարուստ սնունդ, կամ խմել մի բաժակ մրգային հյութ՝ ուշադիր հետևելով օրգանիզմի ռեակցիային։
Կենսակերպի որոշ պարզ փոփոխություններ կարող են օգնել արյան շաքարը ճիշտ մակարդակի վրա պահելու գործում: Օրինակ՝ փորձեք օրական 4-6 անգամ քիչ քանակությամբ սնունդ ընդունել։ Շատ կարևոր է նաև կանոնավոր սնվելը՝ ստանալով բավարար քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր։
Եթե ձեր առօրյան անկանխատեսելի է, և դուք հաճախ եք ունենում սովի հետ կապված գլխացավեր, փորձեք ձեզ մոտ ունենալ առողջ մրգեր կամ ընդեղեն: Կարևոր է նաև չմոռանալ ջրազրկման ռիսկերի մասին։ Սովորաբար անհրաժեշտ է օրական 6-8 բաժակ ջուր խմել։ Բուսական թեյերը նույնպես հաշվի են առնվում, բայց ոչ կոֆեին պարունակող ըմպելիքները, քանի որ դրանք ունեն միզամուղ հատկություն և կարող են հակառակ ազդեցությունն ունենալ օրգանիզմի վրա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։