21/12/2022 17:58
Ընդդիմադիր շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժեր խորհրդակցություն են անցկացրել, քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի է ունեցել ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն:
Օրակարգում Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար և գոյաբանական սպառնալիքների դիմագրավումը:
Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ, համազգային համախմբման և ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ղեկավարությամբ է հնարավոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:
Հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձևավորման հանձնառություն: