21/12/2022 16:45
Եթե միջազգային հանրության հայտարարությունները գործնական քայլերի չվերածվեն, Բաքուն շրջափակումը չի վերացնելու, անելու է կիսատ քայլեր, հետո փորձելու է հասնել իր հիմնական նպատակներին․ Բեգլարյան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև արդեն 7-րդ օրը նստացույցը շարունակող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին՝ նշելով՝ հաջողություն է, որ մի շարք երկրներ հասցեական գնահատականներ տվեցին Ադրբեջանի գործողություններին և ընդգծեցին Արցախի շրջափակման՝ հրատապ և առանց նախապայմանների վերացման անհրաժեշտությունը, բայց եթե միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր չլինեն, Ադրբեջանը կշարունակի հանցագործությունները ։
Արտակ Բեգլարյանը կանխատեսեց նաև՝ միջազգային հանրության վերջին հայտարարություններից հետո Բաքուն կգնա որոշակի քայլերի՝ Արցախն ապաշրջափակելու հարցում, բայց այդ քայլերը լիարժեք չեն լինի, քանի որ Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից։
«Կարծում եմ՝ Բաքուն ինչ-որ քայլեր կկատարի, բայց համոզված եմ, որ դրանք կիսատ քայլեր կլինեն։ Նրանք անում են առավելագույնը՝ տարաբնույթ կեղծ հիմնավորումներ ներկայացնելով, ժամանակ ձգելով և այլն։ Արդյունքում միջազգային հանրությունը կամ այդ հանրության տարբեր դերակատարներ ուղղակի քաղաքական հայտարարություններ են անում․ երբեմն՝ շատ հասցեական, երբեմն՝ կոշտ հայտարարություններ են անում, բայց Բաքուն գիտակցում է, տեսնում է, որ այդ հայտարարությունները հայտարարությունից անդին չեն անցնում և գործնական քայլեր չեն դառնում, ինչը նշանակում է, որ Բաքուն որևէ գին չի վճարում իր հակաիրավական գործողությունների, հանցագործությունների համար։
Եթե հիմա էլ է այդպես լինելու, բնականաբար, Բաքուն շրջափակումը չի վերացնելու կամ փորձելու է շրջափակումը մասնակի վերացնել, որոշ ժամանակ հետո նորից փորձելու է հասնել իր հիմնական նպատակներին՝ ճանապարհի ամբողջական վերահսկողություն, հանքի նկատմամբ վերահսկողություն և մնացած բոլոր այն թեմաները, որոնք նրանք պարբերաբար օրակարգ են մտցրել կամ առաջիկայում շարունակելու են մտցնել»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։