21/12/2022 12:52
Ամեն ինչ անելու ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը հնարավորինս շուտ երթևեկեն Լաչինի միջանցքով. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)
Հայաստանն ամեն ինչ անելու է, որ հնարավորինս շուտ բացվի Լաչինի միջանցքը, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչերով են հանդես եկել, որ անհապաղ բացվի Լաչինի միջանցքը, ինչը շատ կարևոր է», - նշեց նա։
Արշակյանն ասաց, թե այս ամենը տարված ծավալուն աշխատանքի արդյունք է։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը հնարավորինս շուտ երթևեկեն այդ միջանցքով ու վերականգնվի բեռների փոխադրման իրավունքը», - նշեց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք՝ արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։
1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում:
Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: