21/12/2022 19:26
Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն՝ ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ նիստում բանաձևի ընդունման գործընթաց չեն նախաձեռնել․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում, որտեղ քննարկվում էր Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել բանաձևի ընդունման գործընթաց, ինչը չարվեց։
«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» VI գլխի 38 դրույթի համաձայն, ՄԱԿ-ի որեւէ անդամ, որ հրավիրվել է ԱԽ նիստին մասնակցելու ՄԱԿ-ի խարտիայի 32 հոդվածի համապատասխան (այսինքն, անդամ պետություն է, որը քննարկվող վեճի կողմ է), կարող է ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ, որը կարող է քննարկման դրվել Անվտանգության խորհրդի անդամ պետության կողմից։
Բոլորս տեսանք, որ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների միջեւ ձեւավորվել էր կոնսենսուս այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:
Ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթերն են:
Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նման նախագիծ քվեարկության դնելու առաջարկով»,- սոցցանցի իր էջում գրել է Լևոն Զուրաբյանը: