21/12/2022 16:15
Երբ առանց մի կրակոցի Քարվաճառ, Ակնա, Բերձոր ու մի ամբողջ հայրենիք էիք հանձնում, այն ժամանակ միջանցքի մասին ի՞նչ էիք մտածում. Կամո Աթայան
Այն, ինչ այժմ կատարվում է, անմիջական հետևանքն է 2020-ի ողբերգական պատերազմի ու մեր ժողովրդի պատմության մեջ գրանցված վատթարագույն միջազգային փաստաթղթերից մեկի՝ նոյեմբերի 9/10-ի հայտարարության։
Իսկ երբ առանց մի կրակոցի հանձնում էիք Արցախի Հանրապետության ամրակուռ տարածքները՝ Ակնան,Քարվաճառը, Բերձորը, որոնց անմատչելիության մասին նույնիսկ թուրքի բռնապետն էր հիշեցնում, այն ժամանակ հարթ, անծալք ուղեղներում չէր առաջանում Լաչինի նեղ միջանցքը արագ փակելու հնարավորությունը և հավանականությունը։
Մինչև այդ միջանցքի մասին խոսելը` այս ընթացքում «բանակցողներից» որևէ մեկը գնա՞ցել է Արցախ, իր աչքով տեսե՞լ է, որ Շուշիի Ստեփանակերտ հատվածի Շուշի-Իսայի աղբյուր տեղամասում փաստացի շրջափակում է: Աայնտեղ ուղղակի ճանապարհի մի լայնության վրա են խաղաղապահները ու հենց այդ մասերում էլ վերջին հայտնի իրադարձություններն են տեղի ունենում, երբ «բնապահպաններ» անվան տակ հավաքված թուրքադրբեջանական խաժամուժը արդեն շուրջ 10 օր փակել է հումանիտար կյանքի ճանապարհը՝ պատանդի կարգավիճակում պահելով ավելի քան 120000 մարդու:
Մարդ դադարում է զարմանալ կատարված ու կատարվող աբսուրդ, անմտածված քայլերից, որոնք եթե այսօր պատճառահետևանքային կապով դեռևս զգացնել չեն տվել, վաղը անպայման թշնամու ձեռքին որպես հաղթաթուղթ են լինելու, ու մենք այլ ճանապարհ չենք ունենալու, բացի միջազգային աղմուկ ու վայնասուն բարձրացնելուց, որի ձայնը, ինչպես տեսնում ենք, անլսելի է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա կոչը կարևոր էր, բայց այն պարադիր, հարկադիր ուժ չունի։
Հ.Գ.1.Լաչինի հումանիտար միջանցքը վերջին 30 տարվա միջազգային հնչեղություն ունեցող եզրույթներից է, ինչը տալիս է համապատասխան գործիքակազմ կիրառելու հնարավորություն, որի անարդյունավետ լինելու պարագայում կյանքի ճանապարհը միանշանակ պետք է բացվի ուժի կիրառմամբ:
Հ.Գ.2. Երևի անհրաժեշտ է շրջափակումը վերացնելուց հետո միջազգային փորձի կիրառմամբ սկսել նաև Լաչինի միջանցքի հատուկ կահավորման գործընթացը, քանզի յուրաքանրյուր պահի կգտնվեն այդտեղ թափանցելու ցանկություն ունեցող «բնապահպաններ» և այլ հայտնի ուղղություններ ներկայացնող թուրքեր, որոնց ազատ մուտքը դեպի միջանցք պարզապես պետք է անհնար լինի: