21/12/2022 09:28
ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը գրեթե բոլոր անդամ երկրներն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը․ Բեգլարյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բավականին արժեքավոր հայտարարություններ եղան, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա ընդգծել է նաև, որ գրեթե բոլոր անդամ երկրները ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը:
«Քիչ առաջ ավարտվեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը: Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:
Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ:
Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում և քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը», - գրել է Բեգլարյանը։