21/12/2022 13:47
Անընդունելի է Լաչինի միջանցքի փակումը. հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. Գերմանիայի դեսպան
Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը:
Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը ևս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի շրջանում ԳԴՀ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությանը, քննարկվել են ընդլայնված համագործակցության հնարավորությունները մի շարք ոլորտներում` ուռուցքաբանություն, հիվանդանոցների միջև կապի ապահովում, առողջության ապահովագրության ներդրում, ԱԱՊ բարեփոխումներ և այլն: