21/12/2022 10:34
«Ժողովուրդ». Պանդոկը դարձել են իշխանությունների համար սիրելի և պատվիրակություններին հյուրասիրելու վայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունն իրականացրել է հյուրասիրության ծառայություններ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ խորհրդարանն այս ընկերության հետ մեկ անձից իրականացվող գնումների սկզբունքով պայմանագիր է կնքում, և բոլորը՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ՍՊԸ-ին պատկանող պանդոկները, կարծես թե, դարձել են իշխանությունների սիրելի վայրը, և պատվիրակություններին հյուրասիրելու համար հենց դրանք են ընտրում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երևան» պանդոկում 13 մլն 500 հազար դրամ արժողությամբ հյուրասիրության ժամանակ մատուցվել են սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ըմպելիքներ, աղանդեր և միրգ: Նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիրն արժեցել է 5 մլն դրամ: Այդ անգամ ընդունելությունը կազմակերպված է եղել «Պանդոկ Երևան Գետափին»-ում և կրկին աչքի ընկել ճոխ հյուրասիրությամբ: Նկատենք, որ ԱԺ օտարերկրյա պատվիրակությունները երբեմն հայկական կնունքի կամ ծնունդի են ակամայից մասնակցում պանդոկներում. մի կողմում պաշտոնական պատվիրակությունն է ճաշում՝ քննարկելու պետական կարևոր հարցեր, մյուս կողմում «պապիկը թոռնիկի ցավն է տանում» ֆոլկլորային երգերով»։