22/12/2022 11:18
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում ստանձնած պարտավորությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ», - ասաց նա։
ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում։
«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են ու կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», - ընդգծեց Փաշինյանը։