22/12/2022 20:12
Դեղերի ընդունումն ու ռիսկերը մեծահասակների համար. Զրույց դեղագետի հետ
Տարիքին զուգահեռ, դեղերի կողմնակի ազդեցությունները և այլ դեղերի հետ փոխազդեցության ռիսկերը գնալով աճում են։
Մեծահասակների համար կարևոր այս թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է դեղագետ Արևիկ Ասլանյանի հետ։
Մեզ հետ զրույցում, դեղագետն առանձնացրեց այն կարևոր պատճառները, որոնք ունակ են բարձրացնելու դեղերի վտագավորության ռիսկերը տարեցների շրջանում։
Դրանք են օրգանիզմի տարիքային փոփոխությունները, որոնց ազդեցության տակ մարդը դառնում է դեղերի նկատմամբ ավելի զգայուն, չի կարողանում դեղերը «յուրացնել» այնպես, ինչպես նախատեսված է և, դրա հետևանքով, դեղերը կամ դրանց նյութափոխանակության արգասիքները դժվարությամբ են հեռանում օրգանիզմից։
«Մեծահասակների ուղեղի և նյարդային բջիջները նույնպես տարիքի հետ փոփոխվում են, և այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են հիշողության կամ տեսողության թուլացումը, սկսում են ազդել դեղերն ընդունելու գործնական կողմերի վրա։ Օրինակ, հաճախ են հանդիպում դեպքեր, երբ հիվանդը պատահաբար նույն դեղը երկու անգամ է խմում, կամ մոռանում ու հերթական դեղի ընդունումը բաց թողնում։ Բազմաթիվ դեղեր ընդունելը նշանակում է նաև, որ մեծանում է շփոթելու կամ սխալվելու հավանականությունը, առավել ևս, եթե դրանցից մի քանիսն ունենում են ընդունելու բարդ սխեմա կամ արտաքին տեսքով լինում են միմյանց նման»,- ասաց դեղագետը։
Մեծահասակները սովորաբար ավելի շատ են օգտագործում դեղեր, և, մասնագետի խոսքով, եթե օրական ընդունեն 5 կամ ավելի անուն դեղ, կողմնակի ազդեցությունների հավանականությունը կդառնա միջինից երկու անգամ ավելի բարձր, քան մյուսների մոտ է։ Միևնույն ժամանակ կաճի նաև տարբեր դեղերի միջև ոչ ցանկալի փոխազդեցության ռիսկը։
Այն հարցին, թե ինչպե՞ս պետք է բարելավել դեղերի անվտանգությունը, դեղագետը պատասխանեց.
«Ամենայն հավանականությամբ, դեղեր նշանակելիս, բժիշկը հաշվի է առնում հիվանդի տարիքը և դրա հետ կապված կողմնակի ազդեցությունների ռիսկը, ինչպես նաև դեղերն ընդունողի սխալվելու հնարավորությունը։ Այսօր դեղերի մեծ մասն արտադրվում է այնպես, որ ընդունվի օրական 1 կամ 2 անգամ։ Կան նաև համակցված դեղեր, որոնց բաղադրության մեջ մտնում են մի քանիսը։ Այնուամենայնիվ, պետք է բժշկին տալ մի շարք կարևոր հարցեր դեղերի ընդունման և դրանց ազդեցության մասին»,-ասաց Արևիկ Ասլանյանը։
Զրույցի վերջում դեղագետը մեծահասակներին՝ հատկապես վաթսուննանց մարդկանց, խորհուրդ տվեց հետևել առողջությանը, ճիշտ ժամանակին և գրագետ կերպով ընդունել դեղերը, իսկ խնդիրների և հուզող հարցերի շուրջ անպայման զրուցել բուժող բժշկի հետ՝ կանխելու դեղերի փոխազդեցության հետևանքով և այլ գործոններով առաջացող բարդությունների ռիսկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։