22/12/2022 18:50
Հանգուցային քորպտիկ. Հանդիպում է գերազանցապես կանանց շրջանում
Հանգուցային քորպտիկը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը դիտվում է գերազանցապես 30-50 տարեկան կանանց մոտ։ Բնութագրվում է վերին ու ստորին վերջույթների մաշկի վրա կիսագնդաձև, առողջ մաշկի մակարդակից խիստ բարձրադիր, ոսպից մինչև ընկույզի մեծության ամուր հանգուցավոր ցանավորումով։
Հանգույցներն ունեն գորշակարմիր գույն, մաշկի մակերեսի վրա նկատվում է ամուր, դժվարությամբ հեռացվող մոխրագույն թեփուկների կուտակում, ինչպես նաև արյունային կեղևներով ծածկված քերծվածքներ: Հիվանդությանը բնորոշ է արագորեն առաջացող տանջալի քորը։
Հիվանդության ընթացքը ծայրահեղ երկարատև է, հանգույցները կարող են պահպանվել տարիներով, միայն շատ հազվադեպ նրանցից մի քանիսը ինքնուրույն ներծծվում են և անհետանում, որին նախորդում է քորի վերացումը տվյալ տեղամասում։
Հյուսվածաախտաբանական ուսումնասիրությամբ վերնամաշկում հայտնաբերվում են ականթոզ ու գերեղջրացում, բուն մաշկում՝ լիմֆո-հիստիոցիտային ինֆիլտրատ, անոթների էնդոթելի ուռչում և որ առանձնապես բնորոշ է, նյարդային թելերի զգալի գերաճ։
Հիվանդության բուն ծագումը դեռևս ապացուցված չէ, սակայն մասնագետները հնարավոր են համարում հիվանդության կապը էնդոկրին խանգարումների հետ։ Հանգույցները երբեմն կարող են զարգանալ նաև մժեղների խայթոցի տեղում (ֆլեբոտոմադերմիա):
Հանգուցային քորպտիկի բուժումը քիչ արդյունավետ է։ Քորի զգացումը թուլացնելու նպատակով խորհուրդ է տրվում ներքին ընդունման համար նշանակել հանգստացնող միջոցներ, իսկ տեղային մշակման համր՝ էլեկտրոլիզ, դիաթերմոկհադուլյացիա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։