22/12/2022 14:20
Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. ԱԽ քարտուղար
Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովել պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը», - նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք առաջարկում կա Լեռնային Ղարաբաղին առնչվող կետ, որով կարող է հանգուցալուծում լինել՝ ԱԽ քարտուղարն ասաց, թե դա բանակցության հարց է։
«Երբ բանակցությունները տեղի ունենան, հարցը վերջնական կհասկանանք», - ասաց նա։
Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները։
«Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», - հավելեց վարչապետը։