22/12/2022 09:50
«Հրապարակ». Աննա Հակոբյանին պատկանող ՍՊԸ-ն չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռևս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։
Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը և ծանուցված է վարչական վարույթի մասին: Ծանուցագրում մասնավորապես նշված է. «Հայտնում ենք Ձեզ, որ, ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների, չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 1796575 դրամ գումարը, այդ թվում ապառք` 1765829 դրամ, տույժ՝ 30746 դրամ, տուգանք՝ 0 դրամ…»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների և հարկերը վճարելու թեմայով բազմաթիվ ելույթներ է ունեցել և անգամ ԱԱԾ-ին է հանձնարարել՝ զբաղվել դրանով, սակայն սեփական կնոջը, փաստորեն, չի կարողացել բացատրել, որ հարկային պարտավորությունները հարկավոր է կատարել, անկախ նրանից՝ դու վարչապետի կին ես, թե խոշոր օլիգարխ»։