22/12/2022 16:46
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար
Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։
«Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը», - ասել է Դունյա Միյատովիչը:
Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։
«Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդ որում, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից», - ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։
«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր տարածքներ և բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողներին: Ինչպես ես նշել եմ իմ 2021 թվականի հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համապատասխան դերակատարներին, ներառյալ իմ գրասենյակին, առաջնահերթության կարգով հասնել նրանց, ովքեր ունեն մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք», - նշված է հայտարարությունում:
Դունյա Միյատովիչը հավելել է, որ որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։