22/12/2022 15:27
Որքան էլ դժվար լինի, չպետք է հանձնվենք. Արցախը լքելը կնշանակի արժեզրկել տարիների պայքարը. տասնվեցամյա Վիկտորյա
Տասնվեց տարեկան Վիկտորյան ապրում է Ստեփանակերտում, Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ հարաբերական անդորրի բնակիչ եմ, մեկնաբանում է՝ թվում է ապրում ենք, խաղաղ է, չեն կրակում, բայց Արցախի կյանքի ճանապարհը փակելով թշնամին փորձում է ահաբեկել, հուսալքել արցախցիներիս. սա էլ է չէ՞ պատերազմ։
Վիկտորյան մինչև բլոկադան միշտ մտածել է, որ ժամանակավորապես կարող է գնալ Արցախից՝ կրթություն ստանալու համար, հիմա, երբ տասը և ավելի օր է՝ Արցախը շրջափակված է, ասում է՝ երբ էլ բացվի ճանապարհը, չի ուզում թեկուզ մի քանի օրով հեռանալ։
«Թշնամու նպատակը Արցախը հայաթափելն է, դժվարություններ պատճառելով մարդկանց հեռանալ ստիպելն է, թշնամին որքան որ համառ է իր ծրագրում, մենք նույնքան համառ պիտի լինենք մեր՝ Արցախում մնալու հաստատակամությամբ, Արցախում պիտի մնանք այնքան..., դադար է տալիս, ոչ թե այնքան, այլ Արցախում պիտի մնանք մինչև վերջ»։
Զրույցի ընթացքում նորից ու նորից ճշտում եմ ՝ արդյոք տասնվեց տարեկան է աղջնակը, քանի որ պատասխանները շատ հասուն են, կշռադատված։ Ասում է՝ պատերազմից, եղբոր կորստից հետո օր օրի մեծանում է։
«Որքան էլ դժվար լինի, չպետք է հանձնվենք. չէ՞ որ այդքան շատ մարդ կյանքը զոհաբերեց հանուն Արցախի, հանուն մեզ, Արցախը լքելը կնշանակի արժեզրկել հազարավոր մարդկանց պայքարն ու նվիրումը՝ այդ թվում եղբորս»։
Հարցին, թե հիմա ամենից շատ ինչի կարիք կա Արցախում, պատասխանում է՝ որոշ սննդատեսակների պակաս կա արդեն, նաև վառելիքի, բայց ամենից շատ անհանգստացնում է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց՝ Երևան տեղափոխելու անհնարինությունը։
«Ուկրաինայում կատարվողին ամբողջ աշխարհն արձագանքում է, միլիարդավոր դոլարների օգնություն ցուցաբերում, այնինչ, Արցախում հումանիտար աղետ է, այդ նույն միջազգային հանրությունը լուռ է»։
Աղջնակը ցավում է, որ Երևանում էլ կան մարդիկ, որ Արցախը բեռ են համարում, Ստեփանակերտից կիլոմետրեր հեռու անհոգ ապրողներին հորդորում է ուշադիր ու զգոն լինել, որ մի օր նույնն իրենց հետ չկատարվի։
«Երևանում մարդիկ հիմա այնքան ուշադիր պիտի լինեն, որովհետև այն ինչ հիմա սպառնում է ինձ, ծնողներիս, ցավոք, մեծ է հավանականությունը որ իրենց էլ կսպառնա, եթե Արցախից հրաժարվեն վերջնականապես. Արցախը բեռ չէր, վահան էր»։
Տասնվեցամյա Վիկտորյայի երազանքը խաղաղությունն է, ասում է՝ շատ բան չեմ ուզում՝ մեր հին կյանքը, երբ անհոգ էինք, վախեր չկային, միայն դասերի ու կրթության մասին էինք մտածում ես, տարեկիցներս։
«Եթե նորից լույս բացվի Արցախում, մենք համառ ենք, բոլոր դժվարությունները կհաղթահարենք, կապացուցենք, որ մեր փոքրիկ հայրենիքը ապագա ունի։ Պատկերացնում եմ, որ մարդկանց մտածելակերպն է փոխվելու, համակարգային փոփոխություններ են լինելու, կարծում եմ՝ լինելու է այն ապագան, որ երիտասարդներս ենք պատկերացնում։ Զարգանալու ենք, նոր տեխնոլոգիաները վերջապես հասնելու են այստեղ, աշխարհի հետ կապն ավելի հեշտ է լինելու, այն կապը, որ հիմա չկա»։
Վիկտորյան հույս է հայտնում, որ ճանապարհը բացվելուն պես Երևանից շատերը կգան Արցախ՝ այդպիսով նաև թշնամուն ապացուցելով, որ հայրենիքից չենք հրաժարվում՝ ինչ սադրանքներ էլ, որ լինեն։