22/12/2022 14:36
Լաչինի միջանցքի վերաբերյալ Հայաստանը հրապարակային և ոչ հրապարակային հարցեր է հղել Ռուսաստանին
Լաչինի միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն ՌԴ խաղաղապահ զորախումբն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խոսվել է նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարի իր պարտավորությունները, ապահովի անխափան ու անվտանգ երթևեկություն», - ասաց նա։
Թե ինչու չի կատարում ռուսական կողմն իր պարտավորությունը՝ ԱԽ քարտուղարն ասաց, թե այդ հարցը պետք է հղել ՌԴ որևէ կառույցի։
Դիտարկմանը, թե պետք է Հայաստանի իշխանությունը հղի, նա արձագանքեց. «Մենք արդեն հղել ենք՝ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, այսօր հայտարարել էր՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», - ընդգծել էր Փաշինյանը։