22/12/2022 16:21
Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի
Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:
Հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա):
Հիմնավորման համաձայն, սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից արտահանման համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում՝ կբարելավվի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունն ու կենսապաշարների կայուն օգտագործումը, սիգի կայուն զանգվածի պահպանումը, արդյունագործական որսի իրականացումը։