22/12/2022 11:28
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները. պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը. Վարչապետ
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, տարբեր երկրներ ու միջազգային կազմակեպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան ու սփյուռքի այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար։ Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնել», - նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա. ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ ու Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։
Վարչապետն ասաց, թե Ադրբեջանը շարունակում է փորձերը՝ մեղադրել Հայաստանին իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
«Նման փորձերը սին են ու հիմնազուրկ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները։
«Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», - հավելեց վարչապետը։