22/12/2022 09:57
«Ժողովուրդ». Նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները կվերանայվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը 2023-ի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված՝ զրկվել էին ամսական նպաստից:
«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ից այս մասով լուրջ ճնշումներ են գործադրվել գործադրի վրա՝ պահանջելով վերանայել նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները: Թեև կառավարությունն այս որոշման մասին դեռևս չի բարձրաձայնում (դա գուցե որպես Ամանորի նվեր են ուզում մատուցել՝ փիարի շրջանակներում), բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվարից սկսած՝ կվերականգնվի մոտ 3800 կենսաթոշակառուների նպաստը:
Ավելին՝ կենսաթոշակառուները նաև 2022-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար չվճարված նպաստները կստանան. կուլիսներում խոսվում է այդ մասին: Քայլն, իհարկե, դրական է, սակայն չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներն այսկերպ փորձեն սիրաշահել թոշակառուներին ու, Փաշինյանի ասած, վերջիններիս համոզեն, թե ինչքան շատ են իրենք «սիրում բոլորին, հպարտանում բոլորով»: Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խլել է թոշակառուների գումարը և հիմա փորձում է վերադարձը որպես մեծ ձեռքբերում մատուցել»։