22/12/2022 12:10
Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. ԱԻ նախարար (Տեսանյութ)
Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ներկա պահին, ցավոք սրտի, միջանցքը շարունակում է փակ մնալ», - նշեց նա։
Նախարարն ասաց, թե այն քաղաքացիները, որոնք ճանապարհի փակ լինելու հետևանքով մնացել են Գորիսում, նրանց պատշաճ կերպով ցուցաբերվում է օգնություն։
Փամբուխչյանը վստահեցրեց՝ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ։
Նա ասաց, թե Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել։
«Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքն, ու 120 հազար մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից», - ընդգծեց ԱԻ նախարարը։