22/12/2022 10:28
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:
Նա նաև իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում և մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաև, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որևէ փաստաթղթում չի նշվել, սակայն, ինչպես շատ է լինում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ոչ միայն Մադրիդյան, այլև Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Մինչև հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։
ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ և 37 264 ադրբեջանցի։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաև Լաչինի միջանցքի լայնության մասին։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն»։