23/12/2022 17:03
Օրակարգից չենք հանում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը՝ մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը մնում է օրակարգում, Ռուսաստանը պատրաստ է իր հարկի տակ ընդունել այդ հանդիպումը։
«Օրակարգից չենք հանում եռակողմ հանդիպումը՝ մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ։ Վերահաստատում ենք Մոսկվայում մեր բարեկամներին ընդունելու պատրաստակամությունը»,- հայտարարել է Սեգեյ Լավրովը։
Հիշեցնենք՝ հայկական կողմը նախօրեին խնդրել էր հետաձգել Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև նախատեսված հանդիպումը։
«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը»,- նախօրեին հայտարարել էին ՀՀ ԱԳՆ-ից։
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը, որի ժամանակ Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել հայկական կողմի նշված որոշման կապակցությամբ։
«Վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով: Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ավելի վաղ ասել էր Լավրովը։