23/12/2022 20:49
Ինչպե՞ս է ծնողների ամուսնալուծությունն ազդում երեխաների հոգեվիճակի և վարքագծի վրա. պատասխանում է հոգեթերապևտը
Ծնողների ամուսնալուծությունը լուրջ փորձություն է երեխաների համար։ Փլուզվում է նրանց սովորական «աշխարհը», երեխան ստիպված է լինում ամեն ինչ նորովի ընկալել։ Մինչ այդ նա հայրիկին ու մայրիկին որպես մեկ միասնություն էր դիտարկում, իսկ այժմ ստիպված է վերաիմաստավորել նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունն իր կյանքում, ինչպես նաև գիտակցել և ընդունել այն նոր իրականությունը, որում պետք է ապրի։
Ինչպե՞ս ուրեմն նվազեցնել ծնողների ամուսնալուծության հետևանքները՝ երեխաների հոգեվիճակի վրա։ Հենց այս խնդրին է անդրադարձել հոգեբան և հոգեթերապևտ Աննա Օլիվիերո Ֆերրարիսը՝ «Երեխաներից չեն ամուսնալուծվում» իր գրքում։
Ուսումնասիրելով 60 ամուսնալուծված ընտանիքի երեխաների հոգեվիճակն ու վարքագիծը՝ հոգեթերապևտը եկել է այն եզրահանգման, որ մեծահասակներն իրենք, չկենտրոնանալով ամուսնալուծության միայն և բացառապես բացասական հետևանքների վրա, պետք է ջանան նույնը ներշնչել նաև երեխաներին։ Ավելի պարզ ասած՝ պետք է գտնեն վատ երևույթի «լավ կողմերը» և դրանցից քաղած «օգուտն» առավելագույնս ծառայեցնեն երեխաների շահերին։
Իսկ որո՞նք են վատ երևույթի «լավ կողմերը»։
Օրինակ՝ նախկինում միմյանց հետ անընդհատ վիճող և դրանից էլ՝ անընդհատ նյարդային գերլարված վիճակում գտնվող հայրիկն ու մայրիկն ամուսնալուծությունից հետո շատ ավելի հանգիստ ու սիրալիր են դառնում, երեխաներն էլ աստիճանաբար ձերբազատվում են ընտանեկան լարված մթնոլորտի բացասական ազդեցությունից, և հոգեկան ավելի հանգիստ վիճակում գտնվելով՝ շատ ավելի լավ ու ջերմ փոխհարաբերություններ են սկսում կառուցել ծնողներից յուրաքանչյուրի հետ, բայց արդեն՝ առանձին-առանձին։
Հոգեթերապևտին այցելած ամուսնալուծված զույգերից մեկի դուստրն, օրինակ, պատմել է․ «Ամուսնալուծությունից հետո իմ հայրիկն ավելի լավն է դարձել։ Երբ ես նրա մոտ հյուր գնացի՝ մենակ, առանց մայրիկի, մենք վերջապես կարողացանք նորմալ շփվել»։
Այս օրինակը բերելով՝ Աննա Օլիվիերո Ֆերրարիսը նշում է՝ երբ ամուսնալուծությունից հետո ծնողներն ավելի սուր են սկսում գիտակցել իրենց դերակատարումը երեխայի կյանքում և սկսում են ավելի «ջանասիրաբար» կատարել իրենց ծնողական պարտքը, պարզ ասած՝ դառնում են ավելի լավը, երեխաներն իրենք իրենց համար նոր երևույթ են բացահայտում՝ սկսում են հասկանալ, որ կյանքը փոփոխություններից է բաղկացած, իսկ յուրաքանչյուր, նույնիսկ ցավոտ փոփոխություն կարող է ունենալ նաև լավ կողմեր։
Երբ երեխաները տեսնում են, որ մայրիկն ու հայրիկն ինքնուրույն, առանց միմյանց օգնության, կարողանում են հաղթահարել դժվարությունները, թեկուզ՝ կենցաղային մակարդակի, նրանց մոտ աստիճանաբար սկսում է զարգանալ ինքնուրույնությունը։ Ծնողներից մեկը, ով առանց մյուսի օգնության կարողանում է լուծել մի որևէ խնդիր, ակամայից օրինակ է ծառայում երեխայի համար, և նա սկսում է հասկանալ, որ ինքնուրույն լինելն ու ինքնուրույն գործելն անհնարին բան չէ։
Ամուսնալուծված ծնողների երեխաների մոտ նկատվող մի առանձնահատկություն էլ այն է, որ ընդհանուր «աղետի» ֆոնին ամրապնդվում է երեխաների՝ քույրերի և եղբայրների միջև կապը, միմյանց սատար կանգնելու գիտակցումն է զարգանում, և երեխաներն ավելի համերաշխ են դառնում։
Ամուսնալուծությունը, սակայն, միշտ խառնաշփոթ է ստեղծում երեխայի գլխում, խախտում կյանքի այն բնականոն համակարգը, որում նա ապրում էր, ընկալումները, որոնք նրա կյանքի ամբողջ ընթացքում էին ձևավորվել։ Այդ պատճառով էլ ամուսնալուծվող ծնողները պետք է պատրաստ լինեն երեխաների կողմից ամենից հաճախ տրվող հարցերին և դրանց հնարավորինս ընկալելի պատասխաններ տան։
Երեխաներին ամենից հաճախ այս հարցերն են մտահոգում՝ «Եթե հայրիկը կամ մայրիկը հեռանում է տնից, նա շարունակու՞մ է մնալ իմ հայրիկը կամ մայրիկը»։ «Ո՞ւմ հետ է նա ապրելու»։ «Գալու՞ է արդյոք ծնողական ժողովներին»։ «Հայրիկը կամ մայրիկը գալու՞ է արդյոք իմ ծննդյան օրը և մասնակցելու՞ է ճաշկերույթին»։ «Ո՞վ է գնալու խանութ՝ գնումներ կատարելու»։ «Կարելի՞ է արդյոք այցելել մյուս կողմի տատիկին կամ պապիկին»։ «Եթե հայրիկը կամ մայրիկը զանգահարի, ես կարո՞ղ եմ պատասխանել հեռախոսազանգին» ․․․
Ինչպե՞ս ուրեմն երեխայի համար ընկալելի դարձնել այն նոր իրականությունը, որում նա ապրելու է
Պետք է պարզ բառերով, ինչպես նաև գործնական քայլերով երեխային ապացուցել, որ հայրիկն ու մայրիկը մնալու են նրա ծնողները՝ կյանքի ամբողջ ընթացքում, նույնիսկ եթե նրանք այլևս միասին չեն ապրում։
Ամենաառաջին քայլը, սակայն, ամուսնալուծվելու մասին որոշումը երեխային հայտնելն է։ Դա պետք է անել նրբանկատորեն, բայց միևնույն ժամանակ՝ մատուցել որպես վերջնական որոշում, բացատրել, որ այդ որոշումը փոփոխության ենթակա չէ, որպեսզի երեխան զուր հույսեր չտածի։
Պետք չէ լուրը երեխային հայտնել հեկեկալով, լաց լինելով ու մեղադրելով մյուս ծնողին։ Ուղերձը հետևյալը պետք է լինի՝ «Հայրիկն ու մայրիկը որոշել են առանձին ապրել, բայց դու դրանում ոչ մի մեղք չունես, մենք կշարունակենք քեզ համար մնալ նույն հայրիկն ու մայրկը, ինչպիսին մինչ այս էինք, հայրիկն ու մայրիկը կշարունակեն քեզ սիրել այնպես, ինչպես միշտ են սիրել, իսկ դու կշարունակես սիրել նրանց այնպես, ինչպես միշտ ես սիրել»։
Բանն այն է, որ երեխաները, հատկապես ավելի փոքրերը, ամուսնալուծության հարցում մեղավոր են համարում իրենք իրենց՝ կարծելով, թե օրինակ՝ «Եթե հայրիկը գնացել է տնից, ուրեմն՝ ես ինձ լավ չեմ պահել»։ Սրանից ելնելով՝ նրանք նաև փորձում են «շտկել» իրավիճակը։ Չպետք է թույլ տալ, որ երեխաների գլխում ծագած այս մտքերը խորանան, չպետք է նաև որևէ կերպ խրախուսել իրավիճակը «շտկելու» կամ իրավիճակին միջամտելու նրանց փորձերը։
Հոգեթերապևտն ամուսնալուծված ծնողներին մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խորհուրդ է ուղղում՝ հոգեկան ապրումներն ու ցավը չպետք է «լցնել» երեխաների գլխին, նրանց չպետք է չդարձնել գործիք՝ միմյանց վրա ազդելու կամ միմյանց նկատմամբ դիվիդենտներ ձեռք բերելու համար, ինչպես նաև երեխաներին չպետք է դարձնել միջնորդ՝ միմյանց այս կամ այն «հաղորդագրությունն» ու ուղերձը փոխանցելու համար։
Ինչ վերաբերում է ամուսնալուծությունից հետո երեխայի հետ հանդիպումներին, ապա հատկապես սկզբնական շրջանում շփումները պետք է հաճախակի լինեն։
Հոգեթերապևտն ամուսնալուծված զույգերի երեխաների հետ շփումների, զրույցների արդյունքում նաև փոքրիկ վիճակագրություն է կազմել՝ ներկայացնելով, թե ինչպես են ընկալում երեխաները ծնողների ամուսնալուծությունը։
76 տոկոսի համար ծնողների ամուսնալուծությունը ծանր հարված է եղել, և 28 տոկոսն է միայն ասել, որ ծնողների ամուսնալուծությունը մեծ սխալ է համարում։ Երեխաների 72 տոկոսն ասել է, որ ծնողների ամուսնալուծությունը ճիշտ քայլ էր, բայց այդպիսի եզրահանգման նրանք եկել են տեղի ունեցածից տարիներ անց միայն։ Եվ 52 տոկոսը խոստովանել է, որ ծնողների ամուսնալուծությունից հետո են միայն իրենք սկսել մտածել այն մասին, որ կանանց ու տղամարդկանց հարաբերություններն իրականում բարդ են կամ դրանք շատ բարդ է հասկանալը։
Կյանքում իրավիճակները տարբեր են լինում, բայց բոլոր ժամանակներում և աշխարհի բոլոր ծայրերում ապրող ծնողների համար ճշմարտությունը մնում է մեկը՝ ամուսնալուծությունից հետո կոնֆլիկտները պետք է թողնել հետևում և հանուն երեխաների՝ կառուցել քաղաքակիրթ փոխհարաբերություններ։ Այդ դեպքում երեխաները շատ ավելի արագ կհաղթահարեն ծանր փորձությունն ու ավելի հեշտ կհարմարվեն նոր իրականությանը՝ սեփական աչքերում չկորցնելով ծնողներից և ոչ մեկի հեղինակությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։