23/12/2022 15:53
ՊՊԾ-ն կառանձնանա ԱԱԾ-ից՝ դառնալով վարչապետին ենթակա մարմին. ԱԺ-ն ընդունեց օրենքը
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ էր 33 պատգամավոր։
Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:
Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։
Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:
Ըստ իրավիճակի, սակայն, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:
Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՊՊԾ-ում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև հարյուր տոկոս կբարձրանա:
Նա նաև պարզաբանել էր, թե ինչու են ՊՊԾ-ն առանձնացնում ԱԱԾ-ից:
«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն»,- ընդգծել էր ԱԽ քարտուղարը: