23/12/2022 17:50
Արցախում գործընկերների հետ արտակարգ ռեժիմով աշխատում ենք՝ բացառելու տեղեկատվական բլոկադան. Սուրեն Ստեփանյան
Աշխատանքի բերումով Արցախ տեղափոխված լրագրող Սուրեն Ստեփանյանի համար շրջափակման պայմաններում ամենամեծ դժվարությունը ութ ամսական որդուց՝ Միքայելից հեռու լինելն է։ Թեև կարոտը մեծ է, բայց դիմանում է, ասում է՝ հազարավոր մարդիկ պատերազմի պատճառով տուն ու հարազատներ են կորցրել, անդառնալի կորուստներ են ունեցել, հիմա շրջափակման պայմաններում աշխատելով՝ ինքն ու իր նման մարդիկ ոչինչ չեն կորցնում։ Ընտանիքն էլ հարգում է որոշումը ու գիտակցում՝ ընտրած ճանապարհով մինչև վերջ պիտի գնան, աջակցեն՝ չհուսալքվելով, դիմանալով։
Լրագրողը չի բացառում, որ ճանապարհը բացվելուց, որոշակի կայունությունից հետո ընտանիքը ևս կտեղափոխվի Արցախ։
«Հազարավոր մարդիկ՝ այդ թվում հորեղբորս որդին իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի համար, եթե իրենք ամենաթանկը տվեցին Արցախին, մեր՝ շրջափակման պայմաններում մի քանի ամիս ընտանիքից հեռու լինելը հուսահատվելու, ընկրկելու պատճառ չի կարող դառնալ»։
Սուրենն ու գործընկերները ոչ ստանդարտ իրավիճակում աշխատելուն սովոր են, մինչև բլոկադան էլ եղել է գիտակցումը, որ ճգնաժամային իրավիճակ է. Երևանից Ստեփանակերտ տեղափոխված թիմն Արցախի գործընկերների հետ աշխատում է արտակարգ ռեժիմով, որ հանկարծ Արցախը նաև տեղեկատվական բլոկադայում չհայտնվի։
«Չեմ ընդունում, որ Երևանից ասում են՝ հերոսական գործ եք անում։ Մենք մեր աշխատանքն ենք անում, հերոսներին պետք է փնտրել այլ տեղ»։
Սուրենի տպավորությամբ՝ Արցախում խուճապ չկա, այստեղ կարծես ընդունել են մարտահրավերը, ամենաանհանգստացնողն անորոշությունն է. մարդիկ ինչպես առաջիկայի համար, այնպես էլ երկարաժամկետ գործեր չեն կարողանում ծրագրել։
Լրագրողը համարում է, որ կյանքի ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը նպատակադրվել է ահաբեկել մարդկանց, ստեղծել նախադրյալներ, որ նրանք անհնարին համարեն Արցախում ապրելը։
«Ճանապարհը բացվելուն պես գուցե լինեն մարդիկ, որ որոշեն հեռանալ, բայց որ տարերային հոսք լինի, բացառվում է. մարդիկ տուն ու աշխատանք ունեն, սոցիալական դիրք, սեփական տունը լքելը հո խաղ չէ։ Արցախցիները հայտնի են իրենց համառությամբ, հաստատակամությամբ, ինչը 90-ականներին մեկ անգամ չէ, որ ապացուցել են»։
Հարցին՝ համարո՞ւմ է, որ Երևանում մարդիկ բավարար հաղորդ չեն Արցախի խնդիրներին, պատասխանում է, որ թվացյալ անտարբերությունը կարող է պայմանավորված լինել անկարողության զգացումով․ մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ կարող են անել, ինչպես կարող են օգտակար լինել։
«Անզորության զգացումով հանրությանը սնուցում են հատկապես իշխանության ներկայացուցիչներն՝ իրենց միանման հայտարարություններով, թե իրենք ոչինչ անել չեն կարող, նաև «պարտավորություն չունեն»։ Հանրության համապատասխան վարքի, վերաբերմունքի պատասխանատուն հատկապես իշխանությունն է՝ իր հսկայական լծակներով»։
Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի