23/12/2022 18:19
Ստեփանակերտում նկատվում է լայն սպառման որոշ ապրանքների պակաս
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է՝ զրկված լինելով պարենի, դեղամիջոցների, լայն սպառման ապրանքների մատակարարումներից:
Մասնավորապես, մրգերի և բանջարեղենի մեծ մասը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից, ներկայում՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված, նշված ապրանքային շուկայում զգացվում է իրացվող գրեթե բոլոր ապրանքների պակաս:
«Դեկտեմբերի 22-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու»,- «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը։
Անդրադառնալով գնային փոփոխությունների հարցին՝ Հրաչ Ավթանդիլյանը հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ, նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը:
«Ոչ ոք չի պատրաստվում ստեղծված իրավիճակից օգտվելով՝ իրականացնել գնային անհիմն բարձրացումներ, այնուամենայնիվ, Հանձնաժողովը հետևողական է և մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու և գնաճը վերահսկելու նպատակով շարունակում է ամենօրյա դիտարկումները»,-ընդգծել է ոլորտի պատասխանատուն։