23/12/2022 16:33
Կողմ ենք, որ Լաչինի միջանցքում արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը, լուծվեն հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները․ Այս խնդիրը հին է․ Լավրով
Ռուս խաղաղապահներն ամեն ժամ աշխատում են՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար և կապ են պահպանում կողմերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք, իհարկե, դիտարկեցինք Լաչինի միջանցքում իրավիճակի սրումը, որն այժմ մեծագույն հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք հաստատեցինք, որ ռուս խաղաղապահներն ամենաժամյա աշխատանք են տանում՝ իրավիճակը կարգավորելու համար և կապ են պահպանում համապատասխան կողմերի հետ»,- ասել է Լավրովը։
«Մենք կողմ ենք, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ վերականգնվի տրանսպորտային լիարժեք հաղորդակցությունը և լուծվեն տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները։ Խնդիրը հին է, մեզ ժառանգություն է հասել Սովետական Միությունից և, իհարկե, անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ արագ վերացնել այդ խնդրի սրությունը»,- հավելել է Լավրովը։