23/12/2022 18:06
Գալուստ Սահակյանն ամբողջ կյանքում իրեն դրսևորել է որպես իսկական հայ մարդ․ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ականավոր պետական, քաղաքական գործչին
Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ականավոր պետական, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանին։
Գործընկերները, մտերիմները նաև լրագրողների հետ զրույցում են իրենց հիշողություններով կիսվում Գալուստ Սահակյանի մասին։
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն ասում է՝ Գալուստ Սահակյանի կյանքն ու գործունեությունը կարելի է երեք փուլերի բաժանել, և այդ երեք փուլերում էլ դրսևորվում էին նրա մարդկային լավագույն հատկանիշները․
«Նա ԽՍՀՄ տարիներին բավականին մեծ վաստակ է ունեցել։ Ուսուցիչ է եղել, դպրոց է ղեկավարել, ինչն արդեն շատ բան է նշանակում։
Անկախության տարիներին միանգամից անդամագրվեց Անկախության շարժմանը, մեծ աշխատանք է տարել կամավորական խմբերի կազմակերպման, աջակցության գործում, հետո, իհարկե, Հանրապետական կուսակցության շարքերում։
Այս խայտառակ իշխանափոխությունից հետո ևս նա մեծ աշխատանք է կատարել, որպեսզի այն պատուհասը, որը եկավ Հայաստանին 2018 թվականից հետո, հնարավորինս արագ ավարտվի։
Այդ երեք փուլերում էլ Գալուստ Սահակյանն իրեն դրսևորել է որպես իսկական հայ մարդ»։
Գագիկ Մինասյանն ընդգծում է՝ Գալուստ Սահակյանը շատ բարի էր էությամբ, և այդ բարությունը բոլորի նկատմամբ էր։
«Եվ շատ իմաստուն էր։ Այդ իմաստնությունը, համոզված եմ, կուտակել էր իմ ասած երեք փուլերի ընթացքում։
Կարծում եմ՝ այսօրվա քաղաքական դաշտում չկա մեկը, որը կարողանա այդ երկու հատկություններով՝ իմաստնություն ու բարություն, համեմատվի Գալուստ Սահակյանի հետ»,- ասում է Գագիկ Մինասյանն ու հույս հայտնում՝ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են հատկապես քաղաքական դաշտում, գուցե իմաստնություն ունենան և լավն ու անանցը ընդօրինակեն Գալուստ Սահակյանից։