23/12/2022 10:13
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի մի քանի ստերը, որոնք վերաբերում են հենց Արցախին և այդ հարցի կարգավորմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, 2022 թվականին նոր շարք սկսելով, ներկայացրել է 160 սուտ և մանիպուլյացիա, որն այս տարվա ընթացքում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի տարեվերջյան համարն է, և քանի որ Լաչինի միջանցքն արդեն 10 օր է՝ շրջափակման մեջ է, որոշեցինք առանձնացնել մի քանի ստեր, որոնք վերաբերում են հենց Արցախին և այդ հարցի կարգավորմանը:
«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- հունիսի 15-ին ասել էր Փաշինյանը։
Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:
Իրականությունը, սակայն, այն է, որ դեռևս 2007թ.-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Մեկ անգամ էլ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ, իր կարծիքով, այն ուժերը, որոնք 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը»։