23/12/2022 10:03
«Ժողովուրդ». Դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել և որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, և ներկայումս, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետևից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, և դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երևան քաղաքի կենտրոնում»։