23/12/2022 09:41
«Ժողովուրդ». Խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի:
Սրան զուգահեռ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով կայանալիք ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպումը: Հայաստանյան իշխանությունը, որ միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու խոսել է հարևանների հետ խաղաղ ապրելու դիրքերից, այժմ փաստացի ու արդարացի հարցեր է ուղղում ինքն իրեն. իսկ ի՞նչ է լինելու, երբ փաստաթուղթը ստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակի իր ձևով՝ բռնությամբ կամ զոռբայությամբ հարցերը լուծել:
Դրա ապացույցը հենց այս օրերին Արցախում տեղի ունեցողն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելով ու Լաչինի միջանցքը փակելով 120 հազար հայի շրջափակման մեջ պահելը: Թե ինչ լուծում կգտնեն հայ դիվանագետները, ու խաղաղության պայմանագիրը երբ, ինչ տեսքով կստորագրվի, դեռ հարց է, բայց հուսանք՝ չարչրկված այդ պայմանագիրը հայկական շահերը չի ոտնահարի»։