23/12/2022 09:55
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլևս չի ուզում ճանապարհ գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որևէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին: Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին:
«Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական թիմից նշանակումներ է անում, ու դա հարուցում է յուրայինների զարմանքն ու զայրույթը, վարչապետը բոլորին հորդորում է «հանգիստ նստել տեղները», քանի որ նրանք իր միակ՝ անթերի ու չկեղծված ընտրություններ կազմակերպելու տիտղոսը գետնովն են տվել: Փաշինյանը դա ներել չի կարողանում, քանզի թե՛ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ եվրոպական տարբեր կառույցներ միշտ էին առանձնացնում 2018թ.-ից ի վեր կազմակերպվող արդար ու թափանցիկ ընտրությունները: Այժմ, սակայն, մերօրյա իշխանություններն այդ մի խաղաթղթից էլ են զրկվել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:
Մեզ նաև փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլևս չի ուզում ճանապարհ գնալ: Ընդգծում է նաև, թե ժամանակն է նոր շունչ հաղորդել ՔՊ-ին, ու հին յուրայիններին նոր յուրայիններով փոխարինել. վերջին ապացույցը ՀՀ փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի նշանակումն էր»։