24/12/2022 10:02
Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն, նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, հայտարարել է, թե ուրախ է, որ իր անձի շուրջ կա նման հետաքրքրություն։
«Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։
Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ», - Facebook-ում գրել է Վարդանյանը:
Նշենք՝ Բայրամովը Մոսկվայում ասել է, թե որքան շուտ Ռուբեն Վարդանյանը «հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար»։
«Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Վարդանյանին։ Մենք նրա գործունեությունը համարում ենք հանցավոր և արկածախնդիր։ Նա պետք է հեռանա տարածաշրջանից։ Եվ որքան արագ, այնքան լավ: Նա վնասակար ու ապակայունացնող գործոն է։ Սրանից առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը։ Մինչ նրա հայտնվելը շփումները դրական էին», - ասել է Բայրամովը։