24/12/2022 19:05
Օտար մարմին մաշկի մեջ. Առաջին օգնության հիմնական կանոնները
Կենցաղային, արտադրական և տարբեր այլ միջավայրերում օտար մարմինը կարող է հեշտությամբ մտնել մաշկի մեջ և անշարժանալ, երբեմն նաև դառնալով անտեսանելի։
Նման դեպքերում կարելի է ինքնօգնությամբ անվտանգ կերպով հեռացնել անմիջապես մաշկի տակ հայտնված փոքր, բայց տեսանելի որոշ առարկաներ, օրինակ՝ փայտի մաս, փուշ, մետաղական մանրաթել և այլն:
Մինչ գործողության անցնելը, հարկավոր է հետևել մի քանի կարևոր նախապայմանի՝
լվալ ձեռքերը օճառով,
օգտագործել նախապես բժշկական սպիրտով մաքրված պինցետ կամ այլ գործիք՝ օտար մարմինը հեռացնելու համար,
փոքր առարկաները առավել տեսանելի դարձնել՝ օգտագործելով խոշորացույց,
եթե օտար մարմինն անմիջապես մաշկի մակերևույթի տակ է, ապա կարելի է օգտվել սրածայր ասեղից (նախապես մաքրել բժշկական սպիրտով), որի օգնությամբ մաշկի վրա զգուշորեն բացել տվյալ առարկայի հեռացման ուղին, որից հետո հեռացնել այն՝ պինցետով բռնելով և մխրճման ուղղությամբ դուրս քաշելով երևացող ծայրը։
Վերջում անհրաժեշտ է մաշկի տվյալ շրջանը լվալ օճառով, մաքրել բժշկական սպիրտով և դնել չոր ստերիլ անձեռոցիկ (ավելի մեծ վերքի դեպքում՝ օգտագործել հակաբիոտիկային միջոցներ):
Հաճախ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում դիմելու անհետաձգելի բուժօգնության։ Դա հատկապես կարևոր է, եթե մաշկում առկա օտար մարմինն ավելի խորն է մխրճվել՝ հասնելով մկաններ:
Նման դեպքերում խորհուրդ չի տրվում ինքնուրույն կամ այլ մարդու օգնությամբ հեռացնել օտար մարմինը, քանի որ կարող են բարդություններ առաջանալ։
Մինչև բժշկին այցելելը մաշկի տվյալ շրջանը պետք է մաքրել բժշկական սպիրտով և դնել չոր ստերիլ վիրակապ, իսկ արյունահոսության բացակայության պայմաններում խուսափել ճնշող-սեղմող վիրակապի կիրառումից:
Ի լրումն այս ամենի, բուժօգնության պետք է դիմել, եթե՝
օտար մարմինը դժվարությամբ է երևում կամ անտեսանելի է (օրինակ՝ թափանցիկ ապակու կտորներ) կամ էլ դժվարությամբ է հեռացվելու (օրինակ՝ ձկան կարթ),
վնասվածքը ներառում է աչքերը կամ մոտ է աչքերին, վերքը խորը կամ կեղտոտված է, առավել ևս, եթե վերջին 5 տարվա ընթացքում հիվանդը չի ստացել փայտացման դեմ պատվաստում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։