24/12/2022 15:25
Եթե ռուսական խաղաղապահ առաքելությունն իր գործառույթը չիրականացներ, հիմա մենք Արցախում չէինք լինի․ Այլ բան է, որ կա ոչ լիարժեք կատարելու հարց. Կարեն Բեքարյան
«Մեր հայրենակիցներից շատերը Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում հակված են տարանջատելու Արցախի և Հայաստանի խնդիրները, մինչդեռ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հավասարապես վերաբերում է հայկական երկու պետություններին, հայ ազգին, այնպես որ՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջների «առյուծի բաժինը» կարող է վերաբերել ՀՀ-ին, մասնակի՝ Արցախին»,- Արցախի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Վերլուծաբանը տեղին չի համարել ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, թե զորախումբը չի իրականացնում իր գործառույթները։
«Եթե ռուսական խաղաղապահ առաքելությունը գործառույթը չիրականացներ, հիմա մենք Արցախում չէինք լինի։ Այլ բան է, որ կա ոչ լիարժեք կատարելու հարց։ Այո, կան թերացումներ, որոնց մասին խոսել պետք է, բայց ոչ հակառուսական ալիք գեներացնելով»,- նշել է նա:
Կարեն Բեքարյանն ընդգծել է՝ Ադրբեջանը քաղաքական շանտաժով, ուժ կիրառելու սպառնալիքով փորձում է հասնել նպատակներին, «Հայաստանի ոչ պատշաճ պատասխանն էլ ախորժակ է գրգռում»:
Հարցին, թե որքանով է ստեղծված իրավիճակին համաչափ միջազգային հանրության արձագանքը, Կարեն Բեքարյանը պատասխանել է՝ Արցախը շրջափակելու օրերին Եվրոպական միության բարձր հովանու ներքո Ադրբեջանը, Հունգարիան, Ռումինիան, Վրաստանը Բուխարեստում կնքեցին էներգետիկայի բնագավառում համաձայնագիր։
«Եթե կողմերը հարկ չեն էլ համարել այս իրավիճակում գոնե հետաձգել համաձայնագրի ստորագրումը, նշանակում է՝ հաշտ են Ադրբեջանի վարած քաղաքականությանը»,- ասել է նա:
Ըստ վերլուծաբանի՝ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետությունը կարող էր որոշ խողովակներով պահանջներ ներկայացնել կողմերին, հատկապես՝ Վրաստանին, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունները վերականգնել պատրաստվող Հունգարիային։
«Միջազգային հանրության համաչափ արձագանքը աշխատանքի արդյունք է, ցանկացած չարվող գործողություն՝ անգործության կամ ոչ պատշաճ աշխատելու հետևանք»,- նշել է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանը նաև հիշեցրել է ՄԱԿ անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցչի ելույթը, որում չի եղել անդրադարձ Արցախի ինքնորոշման իրավունքին, «անջատում հանուն փրկության» բանաձևին։
Կարեն Բեքարյանն իրավիճակը հաղթահարելու առաջնային քայլ համարում է Հայաստանի գործող իշխանության հեռացումը:
«Այս իշխանությունն ամեն օր ապացուցում է, որ անկարող է խնդիրներ լուծել։ Ադրբեջանը շտապում է՝ շատ լավ հասկանալով, որ հայ ժողովուրդը երկար չի հանդուժելու այս իրականությունը»,- նշել է նա: