24/12/2022 16:40
Ադրբեջանի հրապարակած տեսանյութը նույնպես փաստում Է՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը տեղաշարժի համար անվտանգ ու ազատ չէ. Արցախի դատախազություն
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով, հայտարարել է Արցախի Հանրապետության դատախազությունը:
«Թե ինչպես է այդ տեսանյութը հերքում Արցախը շրջափակման մեջ վերցնելու հայկական կողմի հայտարարությունները, անհասկանալի է, բայց այն անհերքելիորեն փաստում է հետևյալը. 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ երաշխավորված անվտանգ ու ազատ տեղաշարժի համար նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ընդամենը Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից «որոշակի պարբերականությամբ օգտագործվող մարդասիրական» ուղի է:
Այսպիսով՝ 12.12.2022թ.-ից շարունակվում են խախտված մնալ 09.11.2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, իսկ դրանցով նախատեսված պարտավորությունները՝ անկատար», - նշվում է Արցախի Հանրապետության դատախազության հայտարարությունում։