24/12/2022 19:38
«ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»․ Ալիև
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն են նախապատրաստում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր երկրի մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ։
«Լաչինի ճանապարհին այսօրվա իրադարձությունները «հակաադրբեջանական հերթական հիստերիայի» պատճառ են դարձել, «զրպարտչական արշավ» է սկսվել Ադրբեջանի դեմ։ Մեր այսօրվա հանդիպման պահին էլ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»,- Ալիևի խոսքերն է մեջբերել «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։
Ադրբեջանի նախագահը հավելել է նաև, թե մի քանի օր է, ինչ տարբեր երկրներ ցանկանում են «իրենց ծրագրերը կյանքի կոչել՝ Ադրբեջանի նկատմամբ», բայց մինչև այժմ ոչնչի չեն հասել։
Ալիևը, խոսելով Լաչինի միջանցքի մասին, հերթական անգամ «բնապահպանական» գործոնն է առաջ քաշել՝ ասելով, թե «ադրբեջանցիներն իրավունք ունեն բողոքել հանքի ապօրինի շահագործման դեմ»։ Նա կրկին պահանջել է ադրբեջանական կողմին թույլ տալ մոնիտորինգ անցկացնել հանքավայրում։