24/12/2022 18:31
Հայանպաստ լուծում կարող էր լինել, եթե մեր շահերը պաշտպանողն ազգային իշխանություն լիներ. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու հարցում հայանպաստ լուծումներ չի ակնկալում:
168.am-ի հետ զրույցում փորձագետը պարզաբանել է. «Պետական մակարդակով լուծումներ են պահանջվում, իսկ քանի որ Հայաստանում իշխանության եղած խումբը թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մակարդակով ձեռքերը լվացել է, ցավոք, ես ինչ-որ հայանպաստ լուծում այստեղ չեմ տեսնում:
Հնարավոր է՝ ռուսները, ադրբեջանցիները, ամերիկացիներն ու ֆրանսիացիներն ինչ-որ բան պայմանավորվեն, արցախահայերին էլ տեղյակ պահեն, բայց հայերի համար նվազագույն կորուստներով ու առավել ևս՝ շահավետ լուծում կարող էր լինել միայն, եթե մեր շահերը պաշտպանողն ազգային իշխանություն լիներ: Այսօր ազգային իշխանություն չկա. ընդհուպ՝ նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ երբեմն պետական շահը (պետություն ասելով` իրենք հենց իրենց նկատի ունեն) կարող է հակասել ազգային շահին:
Երբ այդ մարդիկ են Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում միջազգային ասպարեզում ու իբր՝ ՀՀ շահերի համար իրենք են պայքարում, ինձ համար խիստ կասկածելի է, որ ինչ-որ հայանպաստ լուծում հնարավոր է»:
Անդրադառնալով իշխանական ու իշխանամերձ շրջանակներից հաճախ հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացելու պարտավորությունը բացառապես ռուս խաղաղապահներինն է՝ ռազմական փորձագետը հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը՝ Ադրբեջանն է երաշխավորում Լաչինի միջանցքի անցանելիությունը:
Հարցին, թե ռուս խաղաղապահների դերակատարումն այդտեղ ո՞րն է, նա պատասխանել է.
«Այդ հարցը ճիշտ կլիներ Նիկոլ Փաշինյանին տալ, որն այդ փաստաթուղթը ստորագրում էր դեռևս նոյեմբերի 9-ին:
Օրինակ, հենց հայտնի դարձավ այդ փաստաթղթի տեքստը, ինձ մոտ հարցեր ծագեցին, թե ո՞րն է խաղաղապահների մանդատը, ի՞նչ պետք է արվի, եթե Ադրբեջանը որոշեց ճանապարհը փակել։ Արդյոք պաշտոնապես բարձրացվե՞լ է այս ընթացքում, օրինակ, Ադրբեջանի կողմից այդ եռակողմ հայտարարության դրույթների խախտման հարցը, ընդհանրապես այդ եռակողմ հայտարարությունն ինչքանո՞վ է լուրջ փաստաթուղթ, որովհետև Ադրբեջանն իր մասը չի կատարում։ Բացի երեք անհատի ստորագրություններից, ի՞նչն է երաշխավորում այդ հայտարարության կատարումը և այլն ․․․
Սակայն այս հարցերն այն ժամանակ էլ անպատասխան մնացին, այժմ էլ, ըստ էության, անպատասխան են»: