24/12/2022 10:09
«Փաստ». Վարչապետի աշխատակազմում նկատելի լարվածություն կա
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում բավական նկատելի լարվածություն կա վարչապետի աշխատակազմում. բանն այն է, որ կառավարության նիստերի օրակարգերում հարցերի ներկայացման և նախագծերի քննարկումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումները ոչ միայն թույլ են, այլև լուրջ մասնագիտական եզրակացությունները գրեթե բացակայում են։ Այս հանգամանքը մշտապես լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ֆինանսների նախարարության կողմից. մասնավորաբար շեշտվում է, թե նախագծերի մեծ մասը ներկայացվում է կիսատ ձևակերպումներով, ֆինանսական հատվածը գրեթե բացված չէ, շատ անհասկանալի է ու լղոզված։
Բացի դրանից, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, կոմիտեների նիստերի ժամանակ մեծամասամբ ոչ միայն ոլորտային նախարարները չեն ներկայանում, այլ անգամ փոխնախարարների մակարդակով մասնակցություն չի ապահովվում. որպես կանոն՝ հիմնականում մասնակցում են վարչությունների պետերը։ Կան տեղեկություններ, որ ֆինանսների նախարարությունը նույնիսկ լուրջ «բազար» է սարքել՝ կապված կառավարության նիստերի օրակարգում քիչ զեկուցվող հարցերի մասով։
Ըստ այդ դժգոհության, նախագծերի փաթեթները շատ դեպքերում խորհրդարան են գնում կիսատ-պռատ ու տեղում դառնում քննադատության առարկա՝ ԱԺ փորձագետները դժգոհում են նախագծերի փնթիությունից։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրի խոսքերով, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ փոխվաչապետ նշանակվելու կապակցությամբ աշխատակազմում կես կատակ-կես լուրջ ասում են. «Դե, այդքան բողոքում էր, թող ինքն էլ հիմա կարգի բերի այդ ամենը»»։